01:30  ,  12 հունիսի, 2018

Հենրիխ Մխիթարյան․ Չավին աշխարհի ամենադանդաղ խաղացողներից է

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում կազմակերպած միջոցառման ժամանակ խոսել է Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիի մասին։ Մխիթարյանն անդրադարձել է նաև Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Չավիի և Ռոնալդուի տարբերության մասին չեմ խոսի, այլ կասեմ, թե ինչն է միավորում նրանց։ Ֆուտբոլ խաղում են ոչ թե ոտքերով ու մարմնով, այլ գլխով։ Թե դու ինչքան արագ կամ դանդաղ ես, դա ուրիշ հարց է։ Առաջին հերթին կարևոր է, թե դու, որքան արագ ես մտածում խաղադաշտում։ Չավին աշխարհի ամենադանդաղ խաղացողներից է, սակայն մտածողության առումով ես չեմ կարող ինչ-որ մեկին համեմատել նրա հետ։

Ռոնալդուն անհավանական արագ է վազում։ Այդ իսկ պատճառով շատերը չեն նկատում, թե որքան ճիշտ դիրք է նա զբաղեցնում։ Մարդը կարող է բնատուր ֆիզիկական տվյալներ ունենալ, սակայն, եթե նրա գլխում դատարկություն է, ապա ֆուտբոլով զբաղվել չարժե»,- Մխիթարյանի խոսքն է փոխանցում rsport.ria.ru-ն։

Հայաստանի հավաքականի ավագը ԱԱ-2018-ից առաջ Մոսկվայում նաև ինքնագրեր է բաժանել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում