00:35  +04,  14 մայիսի, 2018

«Բարսելոնան» խփեց 4 գոլ, բայց պարտվեց եւ ընդհատեց ռեկորդային անպարտելի շարքը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» առանց Լիոնել Մեսիի Պրիմերայի նախավերջին տուրում հյուրընկալվեց Վալենսիայի «Լեւանտեին» եւ սենսացիոն պարտություն կրեց 4:5 հաշվով: Իսպանիայի առաջնությունում կատալոնական ակումբի ռեկորդային անպարտելի շարքը չշարունակվեց 44-րդ խաղում (տեսանյութ):

Դաշտի տերերն ակտիվ սկսեցին խաղը եւ հաշիվը բացեցին 9-րդ րոպեին: 2 րոպե անց «Լեւանտեն» կարող էր նաեւ կրկնապատկել առավելությունը, սակայն կորցրեց իրական գոլային պահ: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» չէր կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, իսկ վալենսիացիներին հաջողվեց խփել նաեւ երկրորդ գոլը: 30-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ «Լեւանտեի» գանացի 21-ամյա հարձակվող Էմանուել Բոատենգը: Խաղակեսի վերջնամասում կատալոնական ակումբը մեծացրեց ճնշումը եւ կարողացավ կրճատել հաշիվը: 38-րդ րոպեին անդրադարձի օգնությամբ աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասը սարսափելի էր «Բարսելոնայի» համար: Մինչեւ 56-րդ րոպեն «Լեւանտեն» խփեց եւս 3 գոլ: Էմանուել Բոատենգը ձեւակերպեց հեթ-տրիկ, իսկ մակեդոնացի կիսապաշտպան Էնիս Բարդին խփեց 2 գոլ: 2005 թվականից հետո Բոատենգն առաջին ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնացիների դեմ խաղում: «Բարսելոնան» չհանձնվեց եւ մինչեւ 70-րդ րոպեն պատասխանեց 3 գոլով: Նախ եւս 2 գոլ խփեց եւ հեթ-տրիկ ձեւակերպեց Կոուտինյոն, իսկ հետո ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: Վերջնամասում կատալոնական ակումբն ունեցավ գոլային պահեր, սակայն խաղը փրկել չհաջողվեց: 6-րդ գոլը խփելու իրական շանս ունեցավ նաեւ «լեւանտեն»:

«Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում եւ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 90 միավորով: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» հետ է 12 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալը»՝ 15: «Լեւանտեն» 46 միավորով 15-րդն է:

«Բարսելոնան» Պրիմերայում նախորդ անգամ պարտվել էր 2017-ի ապրիլի 8-ին կայացած «Մալագայի» դեմ խաղում:

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 5:4

Էմանուել Բոատենգ, 9, 30, 49, Էնիս Բարդի, 46, 56 – Ֆելիպե Կոուտինյո, 38, 59, 64, Լուիս Սուաերս, 70 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ