11:20  ,  30 դեկտեմբերի, 2017

Արթուր Ալեքսանյանը՝ տարվա լավագույն մարզիկ, Հենրիխ Մխիթարյանը հետ է 2.2 տոկոս

Աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն, Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է 2017թ. Հայաստանի լավագույն մարզիկ NEWS.am Sport-ի ավանդական, ամենամյա, տարեվերջյան առցանց հարցման արդյունքում: Այս տարի աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձած Արթուր Ալեքսանյանը ստացել է հարցման մասնակիցների ձայների 35.7 տոկոսը:

Երկրորդ տեղում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս տարի դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր՝ գոլով աչքի ընկնելով նաեւ եզրափակիչում եւ հայոց եռագույնով պարգեւատրման դուրս գալով: Հենրիխ Մխիթարյանը ստացել է ձայների 33.5 տոկոսը:

Եռյակը եզրափակել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը 12 տարի անց երկրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը եւ իրավունք ստացավ 2018թ. մարտին Բեռլինում մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Լեւոն Արոնյանը ստացել է ձայների 24.5 տոկոսը:

Նշենք, որ 2016-ին NEWS.am Sport-ի հարցման արդյունքում, Արթուր Ալեքսանյանը ճանաչվել էր լավագույնը ձայների 46.7 տոկոսով, Հենրիխ Մխիթարյանը երկրորդ տեղում էր 43.1 տոկոսով: Երրորդ տեղը զբաղեցրած օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ստացել էր ձայների 6.5 տոկոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English