17:12  ,  12 դեկտեմբերի, 2017

Sport Mediaset․ Հենրիխ Մխիթարյանը շատ է համապատասխանում «Ինտերի» խաղային սխեմային

Միլանյան «Ինտերը» շարունակում է փնտրել հարձակողական ոճի կիսապաշտպան։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպլետին ցանկանում է հրավիրել ստեղծագործ փլեյմեյքերի, որը կկարողանար գոլային փոխանցումներ մատակարարել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին։

Sport Mediaset-ի համաձայն՝ «Ինտերը» հետեւում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ հույս ունի Հայաստանի հավաքականի ավագին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Աղբյուրը կարծում է, որ 28-ամյա Մխիթարյանը շատ է համապատասխանում «Ինտերի» խաղային սխեմային։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառում, որ Մխիթարյանը ցանկանում է հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ քննարկել իր ապագայի հարցն անգլիական ակումբում։ Հենրիխը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Գերմանական ու բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում է վերադարձնել Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում նա խաղացել է 2013-2016-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում