14:08  ,  9 դեկտեմբերի, 2017

Ռայան Գիգզ. «Մանչեսթեր Սիթիին» չի հաջողվի առաջնությունն ավարտել առանց պարտության

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան եւ մարզիչ Ռայան Գիգզը վստահ է, որ «Մանչեսթեր Սիթիին» չի հաջողվի Անգլիայի Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանն անցնել առանց պարտության:

«Պրեմյեր լիգայի դարաշրջանում միայն մեկ անգամ է հաջողվել առաջնությունն ավարտել առանց պարտության: Դա անհնար չէ, բայց չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթիին» հաջողվի կրկնել Լոնդոնի «Արսենալի» նվաճումը: Այսօրվա մրցակցության մակարդակը «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի», «Արսենալի», «Չելսիի» եւ «Լիվերպուլի» հետ շատ բարդ է դարձնում այդ նպատակը:

«Արսենալին» այն ժամանակ շատ օգնեց հաջողության գործոնը, բացի այդ չկային չորս կամ հինգ թիմեր, որոնք կարող էին նրանց հաղթել»,- Գիգզի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» առանց պարտության է ավարտել 2003-2004 թվականների առաջնությունը՝ դառնալով չեմպիոն:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի ընթացիկ առաջնության 15 խաղում տարել է 14 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել ոչ ոքի եւ 43 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» 11 հաղթանակից, 2-ական ոչ ոքիից եւ պարությունից հետո ունի 35 միավոր:

Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» դեկտեմբերի 10-ին կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: «Օլդ Տրաֆորդում» կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English