15:03  ,  28 նոյեմբերի, 2017

Մեսին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կատալոնական «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը 3 տարով երկարաձգելուց հետո դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հաղորդում է El Mundo-ն:

Նոր պայմանագրով Արգենտինայի հավաքականի ավագի տարեկան եկամուտը կկազմի 42 միլիոն եվրո: 30 միլիոն եվրո կլինի Մեսիի աշխատավարձը, տարեկան եւս 12 միլիոն նա կստանա «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար նախատեսված 50 միլիոն բոնուսներից:

Հիշեցնենք, որ մինչեւ 2020/21թթ. մրցաշրջանի ավարտը նախատեսված նոր պայմանագրով 30-ամյա ֆուտբոլիստի կլաուզուլան կազմում է 700 միլիոն եվրո: Մեսիի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2018 թվականի ամռանը: Նա կատալոնական ակումբում նորամուտը նշել է 4788 օր առաջ: Այս ընթացքում արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 602 հանդիպում, դարձել 523 գոլի հեղինակ եւ նվաճել 30 տիտղոս:

Մինչեւ այս աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էր չինական «Շանհայ Շենհուայի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը, որի տարեկան աշխատավարձը կազմում է 38 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում