09:45  ,  22 նոյեմբերի, 2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր

Իսպանական Մալյորկայում շարունակվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարում հանգստյան օրվանից հետո նոյեմբերի 22-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ  խաղաքարերով կմրցի ռուս Պյոտր Սվիդլերի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3․5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սվիդլերը 3 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը:

Նախորդ 5 պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ռուս Դմիտրի Յակովենկոյի ու չինացի Դին Լիրենի հետ:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա): 

Մրցաշարը կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում