17:22  ,  28 հոկտեմբերի, 2017

Մարտիալի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Տոտենհեմին»

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Պրեմյեր լիգայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմին» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով: 81-րդ րոպեին իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի երկար փոխանցումից հետո բելգացի հարձակվող Ռոմելու Լուկակուն գլխի մեկ հպումով գնդակն ուղարկեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին, որն էլ գրավեց հյուրերի դարպասը: Մարտիալը 70-րդ րոպեին փոխարինել էր անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր: Հայ ֆուտբոլիստն ակտիվ խաղ ցուցադրեց՝ աչքի ընկնելով մի քանի սուր փոխանցումներով, մի դրվագում էլ մենակ դուրս եկավ «Տոտենհեմի» դարպասապահի դեմ, սակայն ֆրանսիացի Ուգո Լյորիսը կարողացավ փրկել դրությունը: 65-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով երկրորդ տեղում է, «Տոտենհեմը» երրորդն է՝ 20 միավոր: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» 9 խաղից հետո ունի 25 միավոր եւ 10-րդ տուրում կհյուրընկալվի «Վեստ Բրոմվիչին»:

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1:0

Անտոնի Մարտիալ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում