23:23  ,  26 օգոստոսի, 2017

ԱԱ. Հայաստանի երկրորդ մեդալը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց երկու բրոնզե մեդալով: 

Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Կետոեւը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում 2։2 հաշվով առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեի նկատմամբ։

Առաջին մրցափուլում Գեորգի Կետոեւին հաջողվեց երկու միավորանոց հնարք կատարել, բայց վրացի ըմբիշին հաջողվեց աշխատանքային գոտուց դուրս հանել Հայաստանի ներկայացուցչին։ Առաջին մրցափուլն ավարտվեց 2։1՝ Կետոեւի առավելությամբ։

Երկրորդ մրցափուլում վրացի ըմբիշի համառ պայքարի հետեւանքով Գեորգի Կետոեւը եւս մեկ միավոր զիջեց մրցակցին, բայց գոտեմարտում հաղթանակը շնորհվեց Հայաստանի ներկայացուցչին, քանի որ Գեւորգի Կետոեւը առաջին մրցափուլում 2 միավորանոց հնարքով էր վաստակել միավորները, իսկ վրացի ըմբիշը միայն աշխատանքային գոտուց դուրս հանելով վաստակեց 2 միավորը։

Կիսաեզրափակիչում Գեորգի Կետոեւը 0:2 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Աբդուլ Սաուլաեւին։

Կետոեւը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից եւ մեկնարկում 8։1 վստահ հաղթանակ տարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Ռեմի Ժան Ֆրանսուայի նկատմամբ։
1/8-րդ երզափակիչում Գեորգի Կետովը պարտության էր մատնել Հնդկաստանի ներկայացուցիչ Սատուարտ Կադիանին։

Գեորգի Կետոեւը մինչեւ 2016 թվականը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում: 2007թ. աշխարհի չեմպիոն է, 2008 թ. Եվրոպայի չեմպիոն, Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2009 թ. Եվրոպայի փոխչեմպիոն: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում:

97 կգ քաշայինների աշխարհի չեմպիոն հռչակվեց ԱՄՆ-ն ներկայացնող Կայլ Ֆրիդրիխ Սնայդերը, աշխարհի փոխչեմպիոն դարձավ Ռուսաստնի ներկայացուցիչ Աբդուլ Սաուլաեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում