22:12  ,  2 օգոստոսի, 2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաղթական նորամուտն աշխարհի առաջնության ընտրական փուլում (ֆոտո)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը նորամուտը հաղթանակով նշեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: ԱԱ-2019-ի ընտրական փուլի առաջին տուրում հայ բասկետբոլիստները խորվաթ մասնագետ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ նախկին «Միկա» մարզահամալիրում ընդունեցին Սլովակիայի հավաքականին եւ առավելության հասան 75:61 հաշվով:

Առաջին քառորդից հետո հյուրերն ունեին 5 միավորի առավելությամբ, սակայն երկրորդ քառորդում Հայաստանի թիմը շտկեց իրավիճակը եւ հաղթեց 21 միավորի առավելությամբ: Թիմերն ընդմիջման գնացին 46:30 հաշվի ժամանակ:

Ընդմիջումից հետո խաղն ուշացումով վերսկսվեց էլեկտրոնային ցուցատախտակի անսարքության պատճառով: Երրորդ քառորդի ընթացքում տեխնիկական խնդիրները կրկնվեցին, ինչի պատճառով խաղը դադարեցվեց եւ բասկետբոլիստները դարձյալ հեռացան խաղահրապարակից: Քիչ անց հանդիպումը շարունակվեց, իսկ Հայաստանի հավաքականը կարողացավ պահպանել առավելությունը եւ հաղթել իր առաջին պաշտոնական խաղում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց շվեյցարական «Բազել Սթարվինգս» ակումբի խաղացող Ալան Հեսը, որը Հայաստանի հավաքականի կազմում հավաքեց 22 միավոր: Հյուրերի կազմում ամենաարդյունավետը Ռադո Ռանչիկն էր՝ 20 միավոր:

Խաղի մուտքն ազատ էր, բայց մարզադահլիճում ազատ տեղեր կային:

Ընտրական A խմբի մյուս խաղում Շվեդիայի հավաքականը 81:73 հաշվով հաղթեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 5-ին՝ ընդունելով Շվեդիայի թիմին:

ԱԱ-2019, ընտրական փուլ, A խումբ

Հայաստան - Սլովակիա՝ 75:61 (15:20, 31:10, 13:9, 16:22)

Շվեդիա - Բոսնիա-Հերցեգովինա՝ 81:73 (20:23, 18:15, 17:23, 26:12)

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում