18:39  ,  26 հուլիսի, 2017

Թուրքիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզիչի եւ տնօրենի

Ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին, որը նաեւ ազգային թիմի տնօրենն էր։

«Բազմաթիվ ոչ ֆուտբոլային պատճառները եւ դրանց մասին արտահոսքերը մամուլում նպատակ ունեին թուլացնել Թերիմի դիրքերը հավաքականում։ Ֆեդերացիան ու մարզիչը որոշել են, որ այս իրավիճակում լավագույն լուծումը կլինի դադարեցնել համագործակցությունը»,- ասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունում։

Թերիմը Թուրքիայի հավաքականը գլխավորել է 1993-1996, 2005-2009 թվականներին, իսկ երրորդ անգամ նշանակվել էր 2013-ին։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի I խմբում թուրքերը վեց տուրից հետո 11 միավորով երրորդ տեղում են եւ 2-ական միավոր են զիջում առաջատարներ Խորվաթիային եւ Իսլանդիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում