12:46  ,  20 հուլիսի, 2017

Մորատան պատմել է, թե ինչու է նախապատվությունը տվել «Չելսիին»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:

«Տեղափոխվում եմ մի թիմ, որի մարզիչն ամենաշատն է հույսեր կապում ինձ հետ: Դա շատ կարեւոր է ինձ համար: Արդեն զրուցել եմ Անտոնիո Կոնտեի հետ:

Չեմ կարծում, որ դարձյալ կվերադառնամ «Ռեալ»: Դա անելը կլինի բարդ, եւ ես չեմ ծրագրում այդպիսի զարգացումներ: Ակնհայտ էր, որ ցանկանում էի փոխել ակումբային միջավայրը: Հուսով եմ, որ «Չելսիում» ամեն բան կստացվի ինձ համար»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում բուժզննում կանցնի «Չելսիում» եւ կկնքի 5 տարվա պայմանագիր: Նրան ձեռք բերելու համար պայքարում էր նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ոչ պաշտոնական տվյալներով, Մորատայի տրանսֆերի արժեքը կկազմի 80 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի պատմության ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստը: Այդ ռեկորդը պատկանում է Ֆերնանդո Տորեսին, որին ձեռք բերելու համար «Չելսին» 2011 թվականին 58 միլիոն եվրո էր վճարել «Լիվերպուլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում