12:32  ,  1 հունիսի, 2017

Երեւանում կանցկացվի լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար

Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով դաշտում հունիսի 3-ին (մեկնարկը՝ ժամը 10:30-ին) կանցկացվի լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար։ Հանդես կգան լրագրողական թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, իսկ Հայաստանը կներկայացնեն լրագրողների հավաքականն ու Գյումրիի լրագրողների թիմը:

Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Հանդիպման տեւողությունը 15 րոպե է, յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ չորրորդ խաղից հետո՝ 30 րոպե։ Խաղերը կսպասարկեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։

Միջոցառման կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հովանավորը՝ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։

Միջոցառումը բաց է երկրպագուների եւ լրագրողների համար։

Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։

Ֆուտբոլի Հայաստանի լրագրողների այս հավաքականը ձեւավորվել է 2014-ին մի շարք ԶԼՄ-ների ֆուտբոլասեր աշխատակիցների կողմից: Թիմն այս ընթացքում հասցրել է մի շարք պաշտոնական, ընկերական եւ բարեգործական մրցաշարերի եւ խաղերի մասնակցել։ Թիմում ընդգրկված են առաջատար ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, օպերատորներ եւ այլ աշխատակիցներ։

2016թ․ սեպտեմբերի 9-ից 11-ը Հայաստանի հավաքականը մասնակցեց Լիտվայի Լրագրողների միության կողմից Դրուսկինինկայ քաղաքում կազմակերպված լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարին եւ 10 թիմերի պայքարում գրավեց երրորդ տեղը։ Մրցաշարի ավարտին կայացած ընդունելության ընթացքում մասնակից թիմերը ցանկություն հայտնեցին Հայաստան այցելելու եւ հաջորդ մրցաշարն Երեւանում անցկացնելու վերաբերյալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով