15:02  ,  4 մայիսի, 2017

Եվրոպայի առաջնություն. Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) չկարողացան դուրս գալ Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակիչում Գրիգոր Գրիգորյանը լարված պայքարում 6:8 հաշվով պարտվեց թուրք Սոմեր Դեմիրտասին: Գրիգորյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 10:1 հաշվով հաղթելով ավստրիացի Ամիրխան Վիսալիմովին: Երկրորդ գոտեմարտում նա մրցել էր լեհ Պյոտր Սոկալսկու հետ եւ առավելության հասել 6:0 հաշվով: 1/4 եզրափակիչում հայ ըմբիշը  5:4 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Ավտանդիլ Կենտչաձեից:

Վոլոդյա Ֆրանգուլյանը կիսաեզրափակիչում 1:11 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ախմեդ Չակաեւին: Նա մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:4 հաշվով հաղթել էր սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, իսկ հաջորդ փուլում 13:2 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Դիմիտար Իվանովին:  

Բրոնզե մեդալի համար Գրիգոր Գրիգորյանը կգոտեմարտի հույն Կիրիլոս Բինենմպաումի հետ, իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանն ուժերը կչափի թուրք Աբդի Զուրնաչիի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության նախորդ 2 մրցումային օրերին Հայաստանի հավաքականից հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Ազատ ոճի ըմբշամարտի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ մայիսի 5-ին, մեդալի համար կպայքարեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում