Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) չկարողացան դուրս գալ Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:
Կիսաեզրափակիչում Գրիգոր Գրիգորյանը լարված պայքարում 6:8 հաշվով պարտվեց թուրք Սոմեր Դեմիրտասին: Գրիգորյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 10:1 հաշվով հաղթելով ավստրիացի Ամիրխան Վիսալիմովին: Երկրորդ գոտեմարտում նա մրցել էր լեհ Պյոտր Սոկալսկու հետ եւ առավելության հասել 6:0 հաշվով: 1/4 եզրափակիչում հայ ըմբիշը 5:4 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Ավտանդիլ Կենտչաձեից:
Վոլոդյա Ֆրանգուլյանը կիսաեզրափակիչում 1:11 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ախմեդ Չակաեւին: Նա մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:4 հաշվով հաղթել էր սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, իսկ հաջորդ փուլում 13:2 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Դիմիտար Իվանովին:
Բրոնզե մեդալի համար Գրիգոր Գրիգորյանը կգոտեմարտի հույն Կիրիլոս Բինենմպաումի հետ, իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանն ուժերը կչափի թուրք Աբդի Զուրնաչիի հետ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության նախորդ 2 մրցումային օրերին Հայաստանի հավաքականից հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:
Ազատ ոճի ըմբշամարտի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ մայիսի 5-ին, մեդալի համար կպայքարեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում