14:33  ,  2 մայիսի, 2017

Եվրոպայի առաջնություն․ Գարիկ Բարսեղյանը եւ Վահե Թամրազյանը պարտություն կրեցին

Սերբիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) եւ Վահե Թամրազյանը (86 կգ), որոնք պայքարը սկսել են 1/8 եզրափակիչից:

Վահե Թամրազյանը մեկնարկային գոտեմարտում 10:2 հաշվով հաղթել է Իսրայելը ներկայացնող Ռադչենկո Միխալչենկոյին, իսկ Գարիկ Բարսեղյանը պարտվել է թուրք Սուլեյման Աթլիին՝ 1։8։

Քառորդ եզրափակիչում Վահե Թամրազյանը 3։5 հաշվով պարտություն է կրել ադրբեջանցի Ալեքսանդր Գոստիեւին։ Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած մարզիկները հասնեն եզրափակիչ, հայ ըմբիշները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում