01:39  ,  16 հունվարի, 2017

Ռամոսի ինքնագոլն ու Յովետիչի գոլը «Սեւիլիային» պարգեւեցին կամային հաղթանակ «Ռեալի» նկատմամբ

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով: Հաշիվը բացվեց միայն 67-րդ րոպեին: Կարվախալի դեմ կանոնները խախտեց «Սեւիլիայի» դարպասապահ Սերխիո Ռիկոն: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջնամասում ինքնագոլի հեղինակ դարձավ Արքայական թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը: Ավելացված երկրորդ րոպեին Ստեւան Յովետիչը խփեց նաեւ հաղթական գոլը:

«Ռեալը» 17 խաղից հետո 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայի» նկատմամբ: «Բարսելոնան» 38 միավորով երրորդ տեղում է:

«Ռեալը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 խաղերում՝ սահմանելով անպարտելի շարքի ռեկորդ իսպանական ֆուտբոլում: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բարսելոնային», որը 2015-ի հոկտեմբերից մինչեւ 2016-ի մարտ չէր պարտվել 39 խաղ անընդմեջ:

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Սեւիլիա» - «Ռեալ»՝ 2:1

Սերխիո Ռամոս, 85, ինքնագոլ, Ստեւան Յովետիչ, 90+2 – Կրիշտիանու Ռոնալդու, 67, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում