19:50  ,  19 դեկտեմբերի, 2016

Սպորտի նախարար. Այսօր ազատ ոճի ըմբշամարտում ցավալի իրավիճակ է

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ ազատ ոճի ըմբշամարտի շուրջ 50 մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում: Նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկումների, մտքերի փոխանակման եւ խնդիրների վերհանման միջոցով բացահայտել այն հարցերը եւ խոչընդոտները, որոնք խանգարում են Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտով զբաղվող մարզիկներին գրանցել բարձր մարզական արդյունքներ, մարզիչներից լսել այն խնդիրների մասին, որոնց լուծումը հնարավորություն կտա ազատ ոճի ըմբշամարտը հասցնել երբեմնի մակարդակին:

«Սա այն մարզաձեւն է, որում ավանդաբար մեր մարզիկները լավագույն արդյունքներ են գրանցել: Այսօր ազատ ոճի ըմբշամարտում ցավալի իրավիճակ է: Պատանի եւ երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում: Դրա վառ ապացույցն է նաեւ 2016 թ. ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկների վատ մրցելույթները: Պոտենցիալ կա, մարզիչներին մնում է ճիշտ աշխատանքի միջոցով պատրաստել եւ մարզել մարզիկներին»,- Հրաչյա Ռոստոմյանի խոսքը մեջբերում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Մարզիչները նախարարին տեղեկացրել են իրենց աշխատանքի կազմակերպմանը, մարզումների արդյունավետությանը եւ մարզիկների պատրաստվածությանը խանգարող խնդիրների մասին:

Հանդիպման ավարտին Հրաչյա Ռոստոմյանն առաջարկել է մարզադպրոցների ղեկավարներին 10-օրյա ժամկետում պատրաստել ազատ ոճի ըմբշամարտի զարգացման ռազմավարության ծրագիր եւ ներկայացնել նախարարություն: Առաջարկություններն ուսումնասիրելուց եւ համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկելուց հետո կմշակվի համալիր ծրագիր՝ խնդիրներին հնարավոր լուծում տալու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում