23:52  ,  10 հուլիսի, 2012

Հեծանվորդը ձերբակալվել է խթանիչների առեւտրի կասկածանքով

Հուլիսի 10-ին ֆրանսիական ոստիկանությունը Մարսելում ձերբակալել է Cofidis թիմի հեծանվորդ, ֆրանսիացի Ռեմի դի Գրեգորիոյին, որը նախկինում հանդես էր գալիս «Աստանա» թիմում:  Տուր դե Ֆրանսի հանգստի օրը Ռեմին բերման է ենթարկվել ոստիկանություն` արգելված դեղամիջոցների առեւտրի կասկածանքով:

Գրեգորիոյի, ինչպես նաեւ հեծանվասպորտի հետ կապ ունեցող եւս երկու հոգու դեմ արգելված խթանիչների տարածման առթիվ գործ է հարուցվել: Խոսքը գնում է ոչ թե այս մրցաշրջանի մասին, այլ նախորդ, երբ Դի Գրեգորիոն հանդես էր գալիս «Աստանայում»: Ռեմին բացահայտվել է իր անզգուշության պատճառով: Ոստիկանությունը գաղտնալսել է մարզիկի հեռախոսազրույցները եւ ձայնագրել նրա խոսակցությունը խթանիչների առքուվաճառքով զբաղվող անձի հետ, հաղորդում է L'Equipe-ը:

Նշենք, որ ներկա պահին ֆրանսիացի հեծանվորդը Տուր դե Ֆրանսի ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 35-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում