Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մարտի 25-ին կայանալիք Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումը կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն ազգային թիմի կազմում, հայտնում է ՀՖՖ կայքը:
Լեգենդար դարպասապահը Պորտուգալիայի դեմ նախորդ տարի կայացած հանդիպումից հետո որոշեց ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նույնպես նշել էր Պորտուգալիայի դեմ խաղում՝ 1996 թվականի օգոստոսի 31-ին:
Ռոման Բերեզովսկին 19 տարի եղել է Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 93 հանդիպում: Այդ ցուցանիշով դարպասապահը զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): 19 տարի շարունակ նրա փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի հավաքականը փրկվել է անհուսալի թվացող խաղերում, ունեցել է հաջող հանդիպումներ, տարել հիշարժան հաղթանակներ: Երբ Բերեզովսկին դարպասում էր, երկրպագուները հանգիստ էին, իսկ պաշտպանները՝ ավելի վստահ:
Բերեզովսկին նաեւ ունեցել է ակումբային փայլուն կարիերա՝ հանդես գալով ռուսական «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո» ակումբներում: Նա մինչեւ օրս համարվում է ռեկորդակիր ԽՍՀՄ եւ Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահների շարքում՝ հետ մղած 11 մետրանոցների ցուցանիշով:
Հիշեցնենք, որ Հայաստան - Բելառուս խաղում «Հանրապետական» ստադիոնի արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արեւելյան տրիբունայինը՝ ՝ 3000-4000 դրամ, իսկ հյուսիսային եւ հարավային տրիբունաներինը՝ 2000-ական դրամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում