13:40  ,  30 դեկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը հիվանդանոցում այցելել է երեխաներին

Դորտմունդի «Բորուսիայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեկտեմբերի 30-ին այցելել է «Արաբկիր» բժշկական կենտրոն: Նրա հետ են եղել նաեւ «Փյունիկի» ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը եւ Տարոն Ոսկանյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Անցնելով տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներով եւ մեկ առ մեկ զրուցելով երեխաների հետ, ֆուտբոլիստները երեխաներին հանձնել են ՀՖՖ-ի նվերների փաթեթներ, լուսանկարվել ու զրուցել են նրանց հետ եւ նվիրել ինքնագրերով լուսանկարներ: Ավելի քան մեկ ժամ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացրել են այն երեխաների հետ, որոնք Ամանորի գիշերը դիմավորելու են բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դեկտեմբերի 29-ին անակնկալ այցելություն էր կատարել նաեւ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ հանձնել էր նվերներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում