19:46  ,  21 հուլիսի, 2015

Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» հաղթանակով լքեց պայքարը

Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայում ելույթը հաղթանակով ավարտեց որակավորման երկրորդ փուլում, որի պատասխան խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեին»: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հուլիսի 21-ին կայացած խաղի միակ գոլը վերջնամասում խփեց Զավեն Բադոյանը, բայց նորվեգացիները հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին տանը 5:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:

Խաղի սկզբնամասն անցնում էր հավասար պայքարում եւ առանց գոլային պահերի: Հանդիպման տեմպը բավական ցածր էր, եւ մեկնարկային րոպեներին հիշատակվեցին միայն «Մոլդեի» իրացրած 2 անկյունայինները, որոնք հյուրերը եզրափակեցին շեղ հարվածներով: Առաջին իրական գոլային պահը գրանցվեց 22-րդ րոպեին, երբ «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Ջերեմիա Ջոնը, մրցակցի վերջին պաշտպանից խլելով գնդակը, չկարողացավ նպաստավոր դիրքից գրավել դարպասը: Առաջին խաղակեսում «Փյունիկը» չունեցավ այլ գոլային պահեր, իսկ նորվեգացիները 2 հարված կատարեցին Անատոլի Այվազովի դարպասին, բայց դաշտի տերերի դարպասապահը 2 դեպքում էլ հաջող գործեց: Խաղի տեմպը շարունակում էր ցածր մնալ, եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը Սարգիս Հովսեփյանը կատարեց 2 փոփոխություն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Փյունիկն» ուներ տարածքային առավելություն եւ ստեղծեց 2 վտանգավոր պահ, բայց հաշիվը բացել չհաջողվեց: Երկրորդ խաղակեսում եւս խաղի տեմպը շատ ցածր էր, իսկ գոլային պահերը գրեթե բացակայում էին: «Մոլդեին» գրեթե խնդիրներ չէր ունենում պաշտպանությունում, բայց 75-րդ րոպեին գոլ բաց թողեց: Հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որն ամբողջ խաղի ընթացքում ամենաակտիվներից էր երեւանցիների կազմում: Գոլից հետո տանտերերը մի պահ ակտիվացան, սակայն ավելին անել չհաջողվեց:

«Փյունիկի» լավագույն ռմբարկու Սեզար Ռոմերոյի անունը բացակայում էր խաղի հայտացուցակից, իսկ նրա բացակայությունն ակնհայտ զգալ էր տալիս տանտերերի առջեւի գծում: Ավելի վաղ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայտնել էր, որ մեքսիկացի հարձակվողը լքելու է երեւանյան ակումբը: 

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Սարգիս Հովսեփյանի թիմը 2 խաղերի արդյունքում 4:2 (2:1, 2:1) հաշվով հաղթել էր Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»: «Մոլդեն» որակավորման երրորդ փուլում կմրցի կամ Զագրեբի «Դինամոյի», կամ Լյուքսեմբուրգի «Ֆոլայի» հետ։ Այդ թիմերի միջեւ Խորվաթիայում կայացած առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով: 

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» (Հայաստան) - «Մոլդե» (Նորվեգիա) – 1:0 (առաջին խաղ՝ 0:5)

Զավեն Բադոյան, 75

«Փյունիկ». Անատոլի Այվազով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (ավագ), Լեւոն Հայրապետյան, Գագիկ Պողոսյան, Արթուր Յուսպաշյան, Ռումյան Հովսեփյան (Դավիթ Մանոյան, 46), Զավեն Բադոյան, Վարդգես Սաթումյան (Ղուկաս Պողոսյան, 70), Ջերեմիա Ջոն (Ռազմիկ Հակոբյան, 46)։

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան / NEWS.am Sport

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով