Եթե թիմը սկսում է վատ արդյունքներ ցուցադրել, ապա բնական է մարզիչի փոփոխություն կատարելը։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի «Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը՝ խոսելով թիմի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանին պաշտոնանկ անելու մասին։
«Վերջին շրջանում թիմն անբավարար արդյունքներ էր ցուցադրում։ Ինչ վերաբերում է մարզիչին, ապա բնական է, որ Սեւադա Արզումանյանին պաշտոնանկ անելուց առաջ մտածել ենք նրա փոխարինողի մասին։ Սակայն դեռ ոչինչ հստակ չէ եւ միայն 24 ժամ անց կսկսենք ինչ-որ քայլեր անել»,- ասել է Առաքելյանը։
Հիշեցնենք, որ «Գանձասարը» վերջին 7 խաղերում չի կարողացել հաղթանակ տանել։ Կապանի թիմը այդ ընթացքում վաստակել է ընդամենը մեկ միավոր՝ խփելով մեկ գնդակ։ Նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը նահանջել է 6-րդ տեղ։
Վերա Մարտիրոսյան
(Լուսանկարում՝ Սեւադա Արզումանյան)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում