21:41  ,  3 ապրիլի, 2014

Օլեգ Ռոմանցեւ. Յուրա Մովսիսյանին հրավիրելը «Սպարտակի» սխալն էր

Թիմի համալրումը շատ բարդ գործընթաց է։ Այն, ինչ կասեմ, կարող է դուր չգալ շատերին։ Կարծում եմ, որ Մովսիսյանին հրավիրելը «Սպարտակի» սխալն էր: Այս մասին հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցեւը։ 60-ամյա մասնագետի խոսքով՝ ռուսական ակումբը սխալվել է` 2013-ին ձեռք բերելով Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին։

«Այն, որ Յուրան առաջին խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, չար կատակ խաղաց նրա հետ։ Մովսիսյանը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն «Սպարտակը» սկսեց կոտրել սեփական խաղաոճը՝ հարմարվելով նրան։ Նա ձեռքով ցույց է տալիս, որ թիմակիցներն առաջ ուղարկեն գնդակը։ Պաշտպանները եւ կիսապաշտպանները դադարել են մտածել կոմբինացիաների մասին։ Նրանք ունեն պարզ տրամաբանություն. կա հարձակվող, ով ունակ է լուծել խաղի ելքը եւ գնդակն ուղարկում են առաջ։

Եթե թիմը գնդակը փոխանցում է միայն առաջատարին, ապա դա վատ է, իսկ երբ առաջատարն է խաղում թիմի համար, լավ է»,- Ռոմանցեւի խոսքը մեջբերում է Sport-Express-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը «Սպարտակի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում