01:38  ,  27 նոյեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիայի» ռեւանշը «Նապոլիի» նկատմամբ, «Արսենալը» խնդիրներ չունեցավ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթեց իտալական «Նապոլին», որին առաջին խաղում պարտվել էր 1:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր եւ բավական ակտիվ էր առաջին խաղակեսում: Խաղի հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, երբ «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Քիչ անց «Բորուսիան» կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո Ռոբերտ Լեւանդովսկին վրիպեց հարմար դիրքից: Առաջին խաղակեսի վերջնամասում հիանալի գոլային պահ բաց թողեց «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը, ում հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Ընդմիջումից հետո եւս Մխիթարյանը շատ ակտիվ է: Նախ Հենրիխը սկսեց եւս մեկ վտանգավոր գրոհ, իսկ քիչ անց նաեւ ինքը բաց թողեց աչքի ընկնելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, 60-րդ րոպեին «Բորուսիան» խփեց երկրորդ գոլը: Լեհ Յակուբ Բլաշչիկովսկին չվրիպեց հարմար դիրքից, իսկ «Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն 11 րոպե անց կրճատեց հաշվի տարբերությունը: 78-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը երրորդ գնդակն ուղարկեց իտալացիների դարպասը՝ վերջակետ դնելով խաղին: Մեծ ծավալի աշխատանք կատարած Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:

Խմբի մյուս խաղում «Արսենալը» անգլիացի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրի դուբլի շնորհիվ Լոնդոնում 2:0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ եւ 12 միավորով դարձավ միանձնյա առաջատար: «Բորուսիան» ու «Նապոլին» ունեն 9-ական միավոր, իսկ «Մարսելը» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը: Վերջին տուրում «Բորուսիան» կմեկնի Մարսել, իսկ «Արսենալը»՝ Նեապոլ:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

F խումբ

«Բորուսիա» (Գերմանիա) - «Նապոլի» (Իտալիա) ՝ 3:1

Մարկո Ռոյս, 10 (11մ.), Յակուբ Բլաշչիկովսկի, 60, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 78 – Լորենցո Ինսինյե, 71

«Արսենալ» (Անգլիա) - «Մարսել» (Ֆրանսիա) ՝ 2:0

Ջեկ Ուիլշիր, 1, 65

Չիրացված 11 մետրանոց՝ Մեսութ Օզիլ, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում