01:36  ,  6 նոյեմբերի, 2013

B խումբ. «Յուվենտուս» - «Ռեալ»՝ 2:2, «Կոպենհագենի» առաջին հաղթանակը

Թուրինի «Յուվենտուսն» ու Մադրիդի «Ռեալը» ոչ ոքի խաղացին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում: Թուրինում գրանցվեց 2:2 հաշիվը: «Ռեալը» նախորդ անգամ Թուրինում «Յուվենտուսին» հաղթել է 51 տարի առաջ:

Առաջին խաղակեսում թուրինցիները խաղային եւ տարածքային նկատելի առավելություն ունեն: Իկեր Կասիլյասը մի քանի անգամ գոլից փրկեց մադրիդցիներին, սակայն 40-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անթերի իրացրեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը՝ խփելով առաջին խաղակեսի միակ գնդակը:

Մեկնարկային 45 րոպեներին «Ռեալի» մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, բայց ընդմիջումից հետո Կարլո Անչելոտիի թիմը խփեց պատասխան գնդակը: 52-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն, օգտվելով թուրինյան ակումբի ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսի սխալից, իր 8-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում: Անցավ եւս 8 րոպե եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն արդեն առաջ մղեց «Ռեալին»՝ Ռոնալդուի փոխանցումից հետո երկրորդ գնդակն ուղարկելով Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը: Քիչ անց «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն դարձյալ հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի վերջնամասը հարուստ չէր գոլային պահերով՝ 2:2:

Խմբի մյուս խաղում «Կոպենհանգենը» Դանիայում նվազագույն հաշվով պարտության Ստամբուլի «Գալաթասարային»՝ տանելով առաջին հաղթանակը: 

Չորրորդ տուրից հետո առաջատար «Ռոալն» ունի 10 միավոր, «Կոպենհագենն» ու «Գալաթասարայը»՝ 4-ական, իսկ խմբի հետնապահ «Յուվենտուսը»՝ 3:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր 

B խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:2

Արտուրո Վիդալ, 40 (11մ.), Ֆերնանդո Լյորենտե, 65 – Կրիշտիանու Ռոնալդու, 52, Գարեթ Բեյլ, 60

«Կոպենհագեն» (Դանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 1:0

Դանիել Բրատեն, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով