00:37  ,  3 հոկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» խփեց 4 գոլ, «Յուվենտուսը» միավորներ կորցրեց

Մադրիդի «Ռեալը» երկրորդ խոշոր հաշվով հաղթանակը տարավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2013/2014 մրցաշարում: Խմբային փուլի երկրորդ տուրում Արքայական ակումբը Մադրիդում 4 անպատասխան գնդակ ուղարկեց դանիական «Կոպենհագենի» դարպասը:  

Դուբլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ով Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում իր գոլերի քանակը հասցրեց 5-ի: «Ռեալի» կազմում 2 գոլ խփեց նաեւ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:

Խմբի մյուս խաղը կայացավ Թուրինում, որտեղ Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց Ստամբուլի «Գալաթասարայի» հետ՝ 2:2: Առաջին խաղակեսից հետո «Յուվենտուսը» հայտնվեց հետապնդողի դերում: Խաղի վերջնամասում թուրինցիներն առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:

Երկրորդ տուրից հետո «Ռեալն» ունի 6 միավոր, «Յուվենտուսը»՝ 2, իսկ «Գալաթասարայն» ու «Կոպենհագենը»՝ մեկական:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր 

B խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 4:0

Կրիշտիանու Ռոնալդու, 21, 65, Անխել Դի Մարիա, 71, 90

«Յուվենտուս» (Իտալիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:2

Արտուրո Վիդալ, 78 (11մ.), Ֆաբիո Կվալյարելա, 87 – Դիդյե Դրոգբա, 36, Յումիտ Բուլուտ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում