17:15  ,  16 հունիսի, 2013

Դիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի մրցաշարը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը, որը կանցկացվի մինչեւ հունիսի 29-ը:

Մրցաշարի բացմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի վարչապետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ով Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության անունից ողջունել է մրցաշարի բոլոր մասնակիցներին եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին:

 «Այսօր շախմատը մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում եւ մեծ դերակատարություն ունի հայ ժողովրդի ապրելաձեւում: Այդ փոփոխությունը մեր կյանքում տեղի ունեցավ շնորհիվ Տիգրան Պետրոսյանի: «Գրան Պրին» այսօր անցկացնում ենք հենց այդ խորհրդի ներքո, որովհետեւ ուղիղ 50 տարի առաջ, Տիգրան Պետրոսյանը դառնալով շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը, կարողացավ մեզ ոգեւորել, համախմբել հայ ժողովրդին»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը մրցաշարի բոլոր մասնակիցներին մաղթել է  հաջողություններ եւ հետաքրքրիր պարտիաներ:

«Գրան Պրիին» մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Լիտվան եւ Հայաստանը:

Մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա 1963-ին տարել է Միխայիլ Բոտվիննիկի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում