16:28  ,  13 փետրվարի, 2013

Ըմբշամարտը հավասարեցվել է կարատեին, ուշուին, բեյսբոլին, սոֆտբոլին, ժայռամագլցմանը, սկվոշին, վեյկբորդինգին, ռոլերսպորտին

ՄՕԿ-ի զեկույցի համաձայն, ըմբշամարտը զիջում է մյուս օլիմպիական մարզաձեւերին մի քանի վիճակագրական չափանիշով, այդ թվում Լոնդոնի Օլիմպիական խաղերի հանդիսականների հետաքրքրության ցուցանիշով։ Ըմբշամարտի ժողովրդականության ինդեքսը 10 բալանոց համակարգով 5-ից ցածր է։ Ըմբշամարտի լոնդոնյան օլիմպիական մրցումների հեռուստալսարանը կազմել էր միջինը 23 միլիոն մարդ, առավելագույն հեռուստալսարանը եղել էր 58,5 միլիոն հեռուստադիտող։ ՄՕԿ-ի զեկույցում նշվում է նաեւ ինտերնետ օգտագործողների եւ մամուլի ցածր հետաքրքրությունը ըմբշամարտի նկատմամբ։ Բացի այդ ՄՕԿ-ը ուշադրություն է հրավիրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կառուցվածքում առկա խնդիրների վրա, այդ թվում կոռուպցիայի։ AP համաշխարհային գործակալությունը նշում է, որ հենց ըմբշամարտը օլիմպիական ծրագրից հանելու հանձնարարականը տրվել է առավելապես «քաղաքական, հուզական եւ սենտիմենտալ» մոտիվներով։

Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում մեդալ նվաճեցին տասը երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստան (4 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե), Ճապոնիա (4-0-2), Իրան (3-1-2), Ադրբեջան (2-2-3), ԱՄՆ (2-0-2), Կուբա (1-0-1), Ուզբեկստան (1-0-0), Հարավային Կորեա (1-0-0), Վրաստան (0-3-3), Հայաստան (0-1-1)։

«Ըմբշամարտի վերաբերյալ ընդունած որոշումը չափազանց բարդ է եղել։ ՄՕԿ-ի գործկոմի անդամների տրամաբանությունը երբեք չի հենվում ինչ-որ մեկ պատճառի վրա։ Միշտ լինում են բազմաթիվ պատճառներ։ Եղել է գաղտնի քվեարկություն։ Իհարկե, կհնչի քննադատություն։ Սակայն, պետք է հասկանալ, որ մենք քվեարկել ենք՝ հենվելով օբյեկտիվ փաստերի վրա։ Այդ որոշումն ուղղված է Օլիմպիական խաղերի զարգացմանն ու արդիականացմանը»,- հայտարարել է ՄՕԿ-ի փոխնախագահ Թոմաս Բախը, փոխանցում է AP-ն։

Այժմ ըմբշամարտը բեյսբոլի, սոֆտբոլի, կարատեի, մարզական ժայռամագլցման, սկվոշի, ուշուի, վեյկբորդինգի, ռոլերսպորտի հետ ընդգրկված է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրի հավակնորդ մարզաձեւերի ցուցակում։ Փաստացի ըմբշամարտը հանվել է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից եւ դեռ պետք է պայքարի հավակնորդ մարզաձեւից դարձյալ օլիմպիական մարզաձեւ դառնալու համար։

2013թ. մայիսին Սանկտ Պետերբուրգում այս մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաները պետք է կազմակերպեն իրենց մարզաձեւերի շնորհանդեսը, որի հիման վրա ՄՕԿ-ի գործկոմը որոշում կընդունի։ Իսկ 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագիրը վերջնական հաստատում կստանա սեպտեմբերին Բուենոս Այրեսում ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում, որի ժամանակ էլ հայտնի կդառնա 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը։ Հավակնորդներն են Մադրիդը, Ստամբուլը եւ Տոկիոն։

Հիշեցնենք, որ 2016թ. Օլիմպիական խաղերի ծրագրում արդեն ընդգրկված են գոլֆն ու ռեգբին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում