Մանուել Տուլիպա․ Հայաստանն ինձ համար այն երկիրն է, որտեղ կան որակյալ խաղացողներ
Հայաստանն ինձ համար այն երկիրն է, որտեղ կան որակյալ խաղացողներ։ «Արարատ-Արմենիայի» հետ ցանկանում ենք ավելի աճել եւ դառնալ մրցունակ թիմ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ, պորտուգալացի Մանուել Տուլիպան:
«Արարատ-Արմենիա» հուլիսի 13-ին պաշտոնապես ներկայացրեց նոր գլխավոր մարզիչին, որի գլխավորությամբ թիմը պատրաստվում է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին տնային հանդիպմանը:
Հուլիսի 24-ին Երեւանի «Ավան ակադեմիայի» կենտրոնական մարզադաշտում «Արարատ-Արմենիան» կընդունի ռումինական «Ունիվերսիտատիա Կլուժին»:
Պարոն Տուլիպա, շնորհավորում եմ նոր պաշտոնի առթիվ։ Ի՞նչն է Ձեզ դրդել ընդունել հայկական ակումբը գլխավորելու առաջարկը:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ես համաձայնեցի, քանի որ հնարավորություն ունեցա ուսումնասիրել թիմի նախորդ ընթացքը։ Ուսումնասիրության ընթացքում հասկացա, որ նոր նախագիծը թիմն ավելի լավ ու մրցունակ դարձնելու, հայ խաղացողներին զարգացնելու ձգտում ունի, ինչը կարեւոր էր ինձ համար։ Ինձ համար մեծ նշանակություն ունեցավ նաեւ այն փաստը, որ ակումբը ցանկանում է ունենալ կազմակերպված թիմ, որը ձգտելու է հաղթել, նոր քայլեր անել, մրցել նաեւ եվրոպական մրցաշարերում: Այս բոլոր նպատակներն ինձ համար մեծ նշանակություն ունեին։ Գիտակցում ենք, որ սկսում ենք նոր փուլ, որում լիովին վստահում ենք ակումբի ղեկավարությանը եւ ֆուտբոլիստների տեխնիկական որակներին։ Ամենակարեւորն այն է, որ կարողանանք միասնական աշխատել:
Մինչեւ թիմը գլխավորելը, ի՞նչ գիտեիք հայկական ֆուտբոլի մասին:
Հայաստանն ինձ համար այն երկիրն է, որտեղ կան որակյալ խաղացողներ։ Պետք է նրանց ավելի լավ զարգացնել եւ հնարավորություն տալ խաղալ ավելի բարձր ինտենսիվությամբ, քանի որ տեխնիկական որակ արդեն կա։ Կարծում եմ՝ Հայաստանի Բարձրագույն լիգայի 4 կամ 5 թիմ բավականին մրցունակ են եւ կարող են մրցել այլ լիգաների հետ։ «Արարատ-Արմենիայի» հետ մեր նպատակն այն է, որ ամեն օր առաջ շարժվենք՝ բարելավելով թիմային ուղին եւ զարգացնելով խաղացողներին։ Այս պահի մակարդակն այն չէ, որտեղ ցանկանում ենք կանգ առնել․ ուզում ենք ավելի աճել եւ դառնալ մրցունակ թիմ: Յուրաքանչյուր խաղին մոտենալու ենք հաղթելու նպատակով։
Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջեւ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
Ինձ դուր է գալիս այս ակումբը։ Դա լավ ակումբ է մարզիչի համար, որովհետեւ այստեղ կան մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ են ուզում։ Շատ կարեւոր է, երբ գալիս ես մի վայր, որտեղ զգում ես՝ մարդիկ լավն են, ցանկանում են զարգանալ, եւ, միաժամանակ, տալիս են քեզ որոշումներ կայացնելու հնարավորություն, սակայն լինում են նաեւ պահանջկոտ։ Դա մի բան է, որ ես միշտ փնտրում եմ՝ աշխատել ցանկացած տեղ, որտեղ պահանջները բարձր են։ Մեր նպատակն է՝ հնարավորինս լավ զարգացնել ակումբը, որովհետեւ այս փուլում շատ կարեւոր է լավ ճանաչել խաղացողներին։ Այսինքն՝ ժամանակ տրամադրել, որ նրանք ճանաչեն մեզ, իսկ մենք՝ նրանց։ Պետք է հավատանք նրանց որակներին ու կարողանանք անել հաջորդ քայլը, քանի որ այս տարի լիգայի մակարդակն էլ ավելի բարձր է լինելու։
Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում։
Հայաստանի պատմությունը շատ հզոր է՝ համաշխարհային ազդեցությամբ հարուստ պատմություն։ Ամենաշատն ինձ հուզեց այն, որ այստեղ կան մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել նորեկներին։ Ամենակարեւորն այն է, թե քեզ ինչպես են դիմավորում, ընդունում մարդիկ, երբ գալիս ես այլ երկիր աշխատելու: Այս պահին ես ինձ լիարժեք հարմարված եմ զգում, որովհետեւ իմ շուրջն աշխատող մարդիկ շատ լավն են եւ ուզում են, որ ես հաջողություն ունենամ։ Երբ դու աշխատում ես ֆուտբոլային ակումբում, ամեն ինչ միայն մարզիչից ու խաղացողից չէ կախված, այլ ընդհանուր ակումբի կառուցվածքից։ Ամեն բան կարեւոր է առաջ շարժվելու եւ հաղթելու համար։ Ես ինձ Հայաստանում շատ հարմարավետ եմ զգում հայ ժողովրդի ջերմ ընդունելության շնորհիվ:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի