22:23  ,  18 սեպտեմբերի, 2024

Արթուր Սողոմոնյան․ «Փյունիկը» հայկական ֆուտբոլում լուրջ պատմություն ունի, չէի ցանկանա, որ պատահական մարդ գներ

ՀՖՖ - «Փյունիկ» խնդիրն անձնական դաշտում է: Իմ անձն այսօր ոչ թե օգուտ է բերում ակումբին, այլ վնաս: Իմաստ չունի շարունակել, որովհետեւ հենց իմ անձն է դեր խաղում: Գուցե մեկ ուրիշի դեպքում այլեւս այդքան չվնասեն ակումբին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

7,5 տարի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ղեկավարելուց հետո, այսօր՝ սեպտեմբերի 18-ին Արթուր Սողոմոնյանը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու եւ ակումբը վաճառելու որոշման մասին:

Պարոն Սողոմոնյան, «Փյունիկ» ակումբը վաճառելու որոշումն ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ հիմա եկաք այդ որոշմանը:

Ինձ համար շատ տխուր որոշում է, որի մասին մտածում էի արդեն երկար ժամանակ: Ես պատրաստ էի այս հայտարարությունն անել ամռանը, բայց ակումբի մարզչական շտաբը խնդրեց, ասաց, որ եթե հայտնեմ որոշմանս մասին, թիմը, ֆուտբոլիստները գուցե մոտիվացիա չունենան եվրագավաթներում, խնդիրներ կլինեն: Այդ պատճառով ես սպասեցի:

Իմ մնալն արդեն անիմաստ եմ համարում: Խնդիրների մասին արդեն հայտարարել եմ, որոնց պատճառներից մեկն էլ նաեւ այն էր, որ մենք չկարողացանք լավ պատրաստվել, ճիշտ ընտրություն կատարել մեր հայտացուցակներում: Ֆեդերացիան ուներ 10-ից ավելի խաղադաշտեր, որոնք հանգիստ կարող էր տրամադրվել մեզ՝ մարզումների համար, բայց այդ դաշտերը մնացին դատարկ, իսկ մենք մարզվեցինք արհեստական խոտածածկի վրա: Արդյունքում ունեցանք շատ կորուստներ, վնասվածքներ:Այս ամենին զուգահեռ այն արդյունքները, որոնք ունեցանք, ինձ համար ավելի բարձր էր, քան ես սպասում էի:

Այն, ինչ այս ընթացքում անում էր ֆեդերացիան, ինձ համար աբսուրդային էր, որովհետեւ մենք՝ ակումբներս ենք ֆեդերացիայի տերը, այդ դաշտերը մերն է, ՈՒԵՖԱ-ի միջոցներով կառուցված դաշտեր են, որոնք նախատեսված են Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու համար: Ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ Հայաստանի չեմպիոնը չկարողանա Եվրագավաթներում պատշաճ ներկայացնի  պետությունը: Իմ կարծիքով, սա լրիվ աբսուրդ է:

Եթե հիշում են բոլորը, մեզ տնային խաղ անցկացնելու համար դաշտ չէին տալիս: Դիմեցինք երկրի ղեկավարությանը, որոշ մարդկանց միջնորդությամբ կարողացանք խաղն ընդունել «Հանրապետական» ստադիոնում: Հետո, երբ դիմեցինք մարզումների համար դաշտ տրամադրելուն Ավանի ակադեմիայում, կոպիտ մերժեցին: Նույնիսկ ղեակավարությունը չկարողացավ այդ հարցը լուծել: Արդյունքում՝ կարողացանք երեք տուր անցնել, միայն չորրորդ տուրում ծանր պարտություն տարանք:

Այս ամենից հետո շարունակել ղեկավարել ակումբն, անիմաստ է: Հարցը չի գնում նրանում, որ ես վախեցա, ուղղակի զգում եմ, որ իմ ջանքերը որեւէ օգուտ չի բերում ակումբին, նույնիսկ որոշ հարցերում ակումբը, ֆուտբոլիստները տուժում են այս հակամարտության արդյունքում: Մտածում եմ՝ ավելի լավ է ուրիշ մարզաձեւեր զարգացնեմ, օրինակ՝ դուստրս զբաղվում է պրոֆեսիոնալ թենիսով, Հայաստանի հավաքականի անդամ է, ես շատ հետաքրքրված եմ այդ մարզաձեւով եւ ցանկանում եմ թենիսի կորտեր կառուցել: Ֆուտբոլում կմնամ, կշարունակեմ ներդրումներ անել ակադեմիայում, մանկապատանեկան ֆուտբոլում, բայց պրոֆեսիոնալ ֆուտբոլում իմ մնալն անիմաստ է: 

Այս տարիների ընթացքում որքա՞ն  ներդրում եք կատարել ակումբում: Ովքե՞ր կարող են լինել գնորդները:

Իմ նպատակն այն չի, որ ակումբը վաճառելով՝ մեծ գումարներ աշխատեմ: Չգիտեմ էլ այսօրվա դրությամբ կան այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են արդեն պատմություն ունեցող ակումբ գնել: «Փյունիկը» հայկական ֆուտբոլում լուրջ պատմություն ունի, եւ ես չէի ցանկանա, որ պատահական մարդ այն գներ: Եթե նորմալ ներդնող եղավ, ես սիրով կվաճառեմ: Ակադեմիան պատրաստ եմ պահել: Կրկնում եմ՝ պատճառը մեկն է, ֆեդերացիայի ոչ ճիշտ աշխատանքը, որի պատճառով տուժում է ակումբը, ֆուտբոլիստները: Այս 7,5 տարիների ընթացքում, ինչ ես ղեկավարում եմ ակումբը, թիմի վրա ծախսել եմ 20 միլիոն դոլար: Իմ նպատակներն ուրիշ են եղել, հայկական ֆուտբոլը զարգացնելը: Ես էլ եմ շատ ծանր տանում այս ամենը, այս որոշումը, բայց, անկեղծ, այլեւս իմաստ չեմ տեսնում շարունակելու: Չեմ ցանկանում ֆեդերացիայի ղեկավարության մասին խոսել, որովհետեւ դա էլ է անիմաստ, նրանց ոչինչ չի հետաքրքրում՝ ոչ ֆուտբոլը, ոչ որեւէ մեկի կարծիքը: Այն, ինչ այսօր կատարվում է հայկական ֆուտբոլում, շատ տխուր է:

Հիշու՞մ եք՝ ընտրություններից առաջ հայտարարել էի, որ եթե ոչինչ չփոխվի, ես ստիպված կլինեմ հեռանալ ֆուտբոլից: Ոչ թե չփոխվեց, այլ ավելի բարդացավ: Մենք երկու անգամ որոշ մարդկանց միջոցով դիմեցինք ֆեդերացիային հարաբերությունները զրոյից սկսելու հարցով, երկու դեպքում էլ մերժում ստացանք: Նրանց ավելի շատ ձեռնտու էր իմ դուրս գալը, քան ինձ հետ նոր հարաբերություններ սկսելը:

Այսինքն՝ ըստ Ձեզ, խնդիրն անձնական դաշտում է, որի պատճառով պատրաստվում եք զիջել ակումբը:

Խնդիրը գնաց անձնական դաշտ ու ես հասկացա, որ իմ անձն այսօր ոչ թե օգուտ է բերում ակումբին, այլ վնաս: Իմաստ չունի շարունակել, որովհետեւ հենց իմ անձն է դեր խաղում: Եթե ուրիշ մարդ կանգնի «Փյունիկի» գլխին, գուցե նրանք այդքան չվնասեն ակումբին: Ինչը նրանց հետ կապված չի՝ մանկապատանեկան ֆուտբոլը, ակադեմիա, պատրաստ եմ շարունակել ղեկավարել, որովհետեւ մեծ պոտենցիալ եմ տեսնում մանկապատանեկան ֆուտբոլում եւ, իմ կարծիքով շատ անհրաժեշտ է պետության համար:

Իմ անձով պայմանավորված ոչ դաշտ ունենք, ոչ կարողանում ենք նորմալ խաղալ, մարզվել, երկրպագուները չեն կարողանում գալ մեր խաղերին: Դաշտի խնդիրը հիմնականը չի, բայց կարեւորներից մեկն է: Սա այն դեպքն է, երբ ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ թիմը չկարողանա  պատշաճ ներկայացնել Հայաստանը եվրագավաթներում: Ցավոք, բոլորը տեսնում ես այս ամենը եւ լռում: Այս երեւույթը ցույց տվեց, որ ՀՖՖ - «Փյունիկ» խնդիրը զուտ անձնական է, այլ խնդիր չկա: Երկուսուկես տարվա պայքարից հետո այլեւս չեմ ցանկանում վնասել «Փյունիկին»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news