Իտալիայի Ռիմինի քաղաքում ապրիլի 24-ին կմեկնարկի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մեծահասակների առաջնությանը զուգահեռ կանցկացվի նաեւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին Արտակ Այդինյանի գլխավորած հավաքականը կմասնակցի 4 մարմնամարզիկով:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը եւ Շեքսպիր Գեւորգյանը:
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր եւ օղակների վարժությունների աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների կրկնակի արծաթե մեդալակիր, Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր:
Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժության աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն է, երիտասարդական եվրոպական օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր:
Ռոբերտ Գյուլումյանը հավաքականի կազմում Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում թիմային պայքարում բրոնզե մեդալակիր է: Շեքսպիր Գեւրոգյանի համար Եվրոպայի առաջնությունը լինելու է առաջին փորձը խոշոր մրցաշարում:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնության թիմային պայքարում Հայաստանը 4-րդն էր, եվրոպական օլիմպիական փառատոնում դարձել էր բրոնզե մեդալակիր:
Արդեն տեղի է ունեցել երիտասարդների գլխավոր փորձը մրցումային դահլիճում: Երիտասարդ մարմնամարզիկները գործիքները փորձարկել են ավագ մարզիչ Արտակ Այդինյանի եւ մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Նշենք, որ երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է թիմով եւ կլինի թիմային պայքարում: Երիտասարդները կմեկնարկեն ապրիլի 25-ից: Ապրիլի 24-ին մրցահարթակ դուրս կգան մեծահասակները:
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում