16:58  ,  23 ապրիլի, 2024

ԵԱ․ Հայաստանի մարմնամարզիկների գլխավոր փորձը Ռիմինիում (տեսանյութ)

Իտալիայի Ռիմինի քաղաքում ապրիլի 24-ին կմեկնարկի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից մրցահարթակ դուրս կգան Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (բազմամարտ, նժույգ թափեր)  եւ Էրիկ Բաղդասարյանը (բազմամարտ, զուգափայտ):

Հայաստանի թիմն արդեն Ռիմինիում է եւ անցկացրել է մեծահասակների առաջնության մասնակիցների գլխավոր փորձը մրցումային դահլիճում: Գործիքների փորձարկմանը մասնակցել են թիմի բոլոր անդամները Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ:

Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնությունում մրցավարական հանձնաժողովում է: Թիմին մրցահարթակում կօգնեն մարզիչներ Հայկ Նազարյանը, Սոս Սարգսյանը եւ Սահակ Անտոնյանը:

Արթուր Դավթյան - հենացատկ

Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում: 31-ամյա մարմնամարզիկը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր:  Մասնակցել է Լոնդոն-2012, Ռիո-2016, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին: Պատրաստվում է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին: Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2023 թվականի աշխարհի առաջնությունում բազմամարտում:

2023 թվականին Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակիչում 15.033 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հարություն Մերդինյան - նժույգ թափեր

Հարություն Մերդինյանը ծնվել է 1984 թվականի օգոստոսի 16-ին Երեւանում: 39-ամյա մարմնամարզիկը աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բազմակի ոսկե մեդալակիր: Մասնակցել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերին: Հայաստանի հավաքականի ավագն է:

Վահագն Դավթյան - օղակներ

Վահագն Դավթյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 18-ին Երեւանում: 35-ամյա մարմնամարզիկը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն է, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր: 

2023 թվականի ապրիլին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության օղակների վարժությում 14.733 միավորով նվաճեց արծաթե մեդալ:

Օրեր առաջ ապրիլի 19-ին Դոհայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վարժության եզրափակիչում նվաճեց ոսկե մեդալ եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Փարիզ-2024-ը կլինի Վահագն Դավթյանի առաջին Օլիմպիական խաղերը:

Արթուր Ավետիսյան - օղակներ

Արթուր Ավետիսյանը ծնվել է 1998 թվականի հունվարի 1-ին Երեւանում: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն:

2019 թվականին ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն երիտասարդ մարզիկ: Նույն տարում առաջին անգամ ընդգրկվել է տարվա լավագույն մարզիկների տասնյակում:

Գագիկ Խաչիկյան - բազմամարտ, նժույգ թափեր

22-ամյա Գագիկ Խաչիկյանը երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Մեծահասակների կազմում առաջին մրցելույթը եղել է 2021 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը: 

Էրիկ Բաղդասարյան - բազմամարտ, զույգափայտ

18-ամյա Էրիկ Բաղդասարյանը Հայաստանի հավաքականի նորեկն է: 2022 թվականի Եվրոպայի առաջնությունում զուգափայտի վարժությունում նվաճել է ոսկե մեդալ եւ հռչակվել երիտասարդների Եվրոպայի չեմպիոն: 2022 թվականի աշխարհի երիտասարդական  առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Ռիմինիում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը Էրիկ Բաղդասարյանի առաջին փորձն է մեծահասակների պայքարում:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 24-28-ը:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում