20:03  ,  18 ապրիլի, 2024

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը դուրս եկավ եզրափակիչ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի երկրորդ մրցումային օրը տեղի ունեցավ հենացատկի վարժության որակավորումը։ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը ամենաբարձր միավորով դուրս եկավ եզրափակիչ եւ կպարքարի աշխարհի գավաթի երրորդ ոսկե մեդալի համար։ 

Որակավորման փուլում Դավթյանը վաստակեց 15,116 միավոր։

Նախորդ օրը եզրափակիչ էին դուրս եկել նաեւ օլիմպիական ուղեգրի համար պայքարող Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում։

Նժույգ թափերի եւ օղակների եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 19-ին։ 

Աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզ-2024-ի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում