10:35  ,  11 ապրիլի, 2024

Աշխարհի գավաթ․ Մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը

Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վերջին մրցումային օրը տեղի կունենա տղմարդկանց +109 կգ քաշային կարգի ներկայացուցիչների պայքարը:

Հայաստանի թիմից  մրցահարթակ դուրս կգան աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն եւ կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Վարազդատ Լալայանի եւ Սիմոն Մարտիրոսյանի նախնական հայտը երկամարտում 450 կգ է:

Տղամարդանց +109 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին:

Փետրվարի 20-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը երկամարտի 455 կգ արդյունքով (205+250):

Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ  արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր (190+247):

Պհուկետում ավարտվող աշխարհի գավաթում Հայաստանի թիմը նվաճել է մեկ մեդալ: 102 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ապրիլի 8-ին երկամարտի 401 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր  (185+216): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվեց պայքարից: Անդրանիկ Կարապետյանը ապրիլի 6-ին 89 կգ քաշայինների B խմբում զրո ստացավ պոկում վարժությունում եւ հրաժարվեց հետագա պայքարից:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Աշխարհի գավաթի մասնակից Հայաստանի 5 ծանրորդները Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնորդներ են: Նրանցից ընտրվելու են երեք ուժեղագույնները տարբեր քաշային կարգերում: 

Աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում