00:55  ,  10 ապրիլի, 2024

ՉԼ․ 10 գոլ խփեցին «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» եւ «Արսենալն» ու «Բավարիան» միասին (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3։

Արդեն երկրորդ րոպեին տուգանայինից Արքայական թիմի դարպասը գրավեց հյուրերի պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

12-րդ րոպեին «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգայի հարվածից հետո գնդակը պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշից անդրադարձով հայտնվեց դարպասում։ 2 րոպե անց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

66-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, իսկ 71-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիին» առաջ մղեց խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։

79-րդ րոպեին «Ռեալի» երրորդ գոլը խփեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Դարձյալ գոլային փոխանցում կատարեց Վինիսիուս Ժունիորը։

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ եւ վերջնամասում խուսափեց պարտությունից՝ 2:2:

12-րդ րոպեին լոնդոնյան թիմի անգլիացի հարձակվող Բուկայո Սական գրավեց գերմանացի Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։ 18-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։ 32-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Արսենալի» երկրորդ գոլը 76-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 17-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3:3 (տեսանյութ)

Ռուբեն Դիաշ, 12, ինքնագոլ, Ռոդրիգո, 14, Ֆեդերիկո Վալվերդե, 79 - Բերնարդու Սիլվա, 2, Ֆիլ Ֆոդեն, 66, Յոշկո Գվարդիոլ, 71

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:2 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 12, Լեանդրո Տրոսարդ, 76 - Սերժ Գնաբրի, 18, Հարի Քեյն, 32, 11մ

Ապրիլի 10

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 23:00

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում