12:52  ,  8 ապրիլի, 2024

Աշխարհի գավաթ․ Մրցահարթակ դուրս կգան Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը

Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում ապրիլի 8-ին Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը եւ Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը:

102 կգ քաշայինների А խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Գասպարյանի եւ Կարապետյանի նախնական հայտերը երկամարտում ամենաբարձրն են՝ 400 կգ:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: 102 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչներն են հավակնում են օլիմպիական ուղեգրի: Փարիզ-2024-ին կմասնակցի միայն մեկը:

Փետրվարի 19-ին Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը (180+216): Գարիկ Կարապետյանը 394 կգ արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր (182 + 212):

Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթին մասնակցում է 5 ծանրորդով: Անդրանիկ Կարապետյանը ապրիլի 6-ին 89 կգ քաշայինների B խմբում զրո ստացավ պոկում վարժությունում եւ հրաժարվեց հետագա պայքարից: Օլիմպիական վարկանիշների համար կպայքարեն նաեւ Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Բոլոր 5 ծանրորդները Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնորդներ են: Նրանցից ընտրվելու են երեք ուժեղագույնները տարբեր քաշային կարգերում:  

Աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ:

Աշխարհի գավաթ

Ապրիլի 8, 16:00 (Երեւանի ժամանակ)

Սամվել Գասպարյան (102 կգ, նախնական հայտ 400 կգ),

Գարիկ Կարապետյան (102 կգ, նախնական հայտ 400 կգ)

Ապրիլի 11, 13:00

Վարազդատ Լալայան (+109 կգ, նախնական հայտ 450 կգ),

Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ, նախնական հայտ 450 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում