01:43  ,  5 մարտի, 2024

«Ինտերը» հաղթեց եւ արդեն 15 միավոր առաջ է «Յուվենտուսից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Ինտերը» Միլանում ընդունեց «Ջենոային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

30-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանին։ 38-րդ րոպեին իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

Հյուրերը երկրորդ խաղակեսում կարողացան կրճատել հաշվի տարբերությունը մեքսիկացի պաշտպան Խոան Վասկեսի գոլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 15 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։ «Ջենոան» 12-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ինտեր» - «Ջենոա»՝ 2:1

Կրիստիան Ասլանի, 30, Ալեքսիս Սանչես, 38, 11մ - Խոան Վասկես, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում