21:02  ,  25 փետրվարի, 2024

Զարեհ Զարգարյան. Շնորհակալ եմ բոլորին, որ եկան եւ աջակցեցին մեզ

Շատ մեծ ջերմություն եւ աջակցություն կար տրիբունաներից: Այսպիսի պահերին բոլորս միասնական ենք դառնում: Շնորհակալ եմ բոլորին, որ եկան եւ աջակցեցին մեզ այսօր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Զարեհ Զարգարյանը՝ մեկնաբանելով Ալբանիայի նկատմամբ տարած հաղթանակը:

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը առաջին հաղթանակը տարավ 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տնային խաղում ազգային հավաքականը 84:79 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:

«Խաղը բարդ ստացվեց, քանի որ մրցակիցը հասցրել էր ուսումնասիրել մեր խաղը ավստրիացիների հետ եւ տեսնել, թե ինչպիսի բասկետբոլ ենք խաղում մենք: Այս առումով նրանք ուսումնասիրել էին մեզ: Ալբանիան բարդ մրցակից էր, բայց մենք  կարողացանք թիմային խաղ ցույց տալ: Մեր տղաներից յուրաքանչյուրը խաղաց իր ուզած խաղը:

Ավստրիայի հետ արտագնա խաղ էր, խաղում էինք իրենց դաշտում: Իրենք ավելի հանգիստ խաղ էին ցույց տալիս, բասկետբոլիստներն ավելի «մեծ» էին, մարմնեղ:

Այսօր տանը ավելի հանգիստ ու վստահ խաղացինք: Մենք ունենք Քրիս Ջոնս, Անդրե Սփայթ-Մկրտչյան, որոնք մեծ վստահություն են տալիս բոլորին: Բոլորս էլ գիտենք, եթե խաղը բարդանում է, նրանք դաշտում են եւ մեզ դուրս կբերեն այդ դժվար իրավիճակից:

Հավաքականին շատ էի կարոտել: Վերջին անգամ 2016-ին էի հավաքականի կազմում խաղացել: Միշտ սիրով եմ վերադառնում հայրենիք, հավաքական: Ճիշտ է՝ տարիքս առել եմ, բայց միշտ պատրաստ եմ օգնել իմ հավաքականին: Հպարտանում եմ, որ մեր հավաքականը հաղթում է:

Այսօր մեզ շատ օգնեցին երկրպագուները: Շատ շնորհակալ ենք բոլորին, որ եկել են, աջակցում են մեզ: Վերջին տարիներին շատ դժվարություններ տեսանք: Իմ կարծիքով այսպիսի խաղերը, սպորտը, երկրպագուների աջակցությունը, տրիբունաների ցնծությունը, այսպիսի պահերը մեզ միացնում է, միասնական է դարձնում բոլորիս:

Այս խմբում մեր հնարավորությունները մեծ են: Կարող ենք հաղթել: Նոյեմբերին Ավստրիայի հետ խաղ ունենք ու շատ կարեւոր է, որ հաղթենք: Հուսամ մեր երիտասարդ խաղացողները կմիանան մեզ ու կօգնեն: Այդ խաղը որոշիչ ու շատ կարեւոր  է մեզ համար: Հուսամ՝ այսպես այս արդյունքով կլինի»,- ասաց Զարեհ Զարգարյանը:

2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլի առաջին խաղում ազգային թիմը փետրվարի 22-ին արտագնա խաղում 91:106 հաշվով պարտվել էր ավստրիացիներին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում