12:33  ,  22 փետրվարի, 2024

Հրաչյա Ռոստոմյան․ Հռիփսիմե Խուրշուդյանը սպորտից ոչ մի տեղ չի գնալու

Հռիփսիմե Խուրշուդյանը սպորտից ոչ մի տեղ չի գնալու, նա քայլող սիմվոլ է կանանց ծանրամարտի զարգացման համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում Հռիփսիմե Խուրշուդյանի կարիերայի հավանական ավարտի մասին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

6 տարվա դադարից հետո մեծ սպորտ վերադարձած, երկու երեխաների մայր Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Սոֆիայում անցկացված առաջնությունում մրցելույթներն ավարտելուց հետո 36-ամյա ծանրորդը մարզակոշիկները հանեց եւ ակնկարկեց կարիերան ավարտելու մասին:

«Հռիփսիմե Խուրշուդյանի մասին կարելի է շատ երկար խոսել: Նա մեր հպարտությունն է, պարծանքը: Մի բան կարող եմ ասել. նա սպորտի ոչ մի տեղ չի գնալու: Մենք դեռ կքննարկենք նրս հետագա աշխատանքները:

Հռիփսիմեն նաեւ ՀԱՕԿ գործկոմի անդամ է եւ, բնականաբար, հետագայում ֆեդերացիայում տեղ կունենա: Նա ուղղակի քայլող սիմվոլ է, որ մեր աղջիկներն ուղղվեն դեպի իրեն, որպեսզի հետագայում կանանց ծանրամարտը զարգանա»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը անցած տարի Երեւանում եւ այս տարի Սոֆիայում նվաճեց Եվրոպայի առաջնությունների երկամարտի բրոնզե մեդալներ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում