18:06  ,  12 փետրվարի, 2024

ԵԱ․ Մալխաս Ամոյանը նույնպես կիսաեզրափակիչում է

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ) քառորդ եզրափակիչում  3:2 հաշվով պարտության մատնեց անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաեւին:

Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանի (77 կգ) մրցակիցը կլինի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուն:

Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ  55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը: Ազգային հավաքականի նորեկը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ մրցեց Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ: Գերլարված պայքարում Մանվել Խաչատրյանը 13:5 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ: Կիսաեզրափակիչում Մանվել Խաչատրյանի (55 կգ) մրցակիցը Մոլդովայի ներկայացուցիչ Արտյոմ Դիլյանուն է:

Դավիթ Օվասապյանը (130 կգ) քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց թուրք Ռիզա Կայալպին: Օվասապյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 6:0 հաշվով հաղթել էր Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Օվասապյան 5:0 հաշվով առավելության էր հասել սերբ Բորիս Պետրուսիչի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պարտվել են:

Գեւորգ Թադեւոսյանն առանց պայքարի անցավ 1/8 եզրափակիչ, քանի որ որակավորման փուլում նրա մրցակից, Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուն չներկայացավ գոտեմարտին: 1/8 եզրափակիչում Թադեւոսյանը չհաղթահարեց անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Կիրիլ Մասկեւիչի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English