17:34  ,  7 սեպտեմբերի, 2023

Ամբողջ կյանքս կապրեի այնպես, ինչպես ապրել եմ․ Ալբերտ Ազարյանի լուսավոր հիշատակին (ֆոտո)

Սեպտեմբերի 5-ին 94 տարեկանում մահացել է սպորտային մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

NEWS.am Sport-ն առանձնացրել է հայկական սպորտի լեգենդի հանճարեղ մտքերը կյանքի, սպորտի, սիրո, երջանկության, ընտանիքի, հայերի եւ հայրենիքի մասին: 

Սպորտի հիմքն է մարմնամարզությունը, եւ դա պետք է քաջ գիտակցել: Երեխաները գալիս են ինձ մոտ, ապա արդեն որպես ձեւավորված մարզիկ գնում ըմբշամարտ, ֆուտբոլ, այլ մարզաձեւեր: 

Չեմ կարող ասել, թե ինչն ինձ ստիպեց գնալ մարմնամարզության ճանապարհով: Երբ Մոսկվայում շքերթի ժամանակ տեսա, թե ինչպես է կատարվում մարմնամարզությունը, որոշեցի, որ մարմնամարզությունն է իմ սպորտաձևը:

Ես բոլոր սպորտաձեւերից էլ կարող էի հաջողություն ունենալ, քանի որ այդպիսի տվյալներ ունեի, բայց ես ընտրեցի մարմնամարզությունը եւ հասա հաջողության:

Մարմնամարզության մեջ, ինձ համար որևէ դժվարություն չկար, օրինակ,  խաչերը պահելու: Անկախ ինձնից ես պահում էի և ինչքան ուզենայի կարող էի պահել: Դա երևի նրանից էր, որ ես դարբնի աշակերտ եմ եղել, իմ մկանները զարգացած էին:

Երբ հարցնում են՝ ինչպես կատարել «Ազարյանական խաչը», ասում եմ՝ դարբնի աշակերտ դարձեք:

Հայ մարզիկների կարեւորագույն խնդիրներից մեկը ֆիզիկական պատրաստականությունն է: Ամեն մի պատանի մարզիկ, անկախ իր հետագա մարզական մասնագիտությունից, որոշ ժամանակ պետք է պարապի մարմնամարզությամբ, առողջ եւ կոփված մարմին ունենա, իսկ այնուհետեւ արդեն զբաղվի իր նախընտրած մարզաձեւով:  

Եթե դու տրամադրված ես, նպատակ ունես հասնելու հաջողության, դու պետք է բոլոր դժվարությունները հաղթահարես ու հասնես: Դա քո ճակատագիրն է:

Իմ ամենամեծ հաջողությունն այն է, որ ես դարձա օլիմպիական չեմպիոն:

Երբ Մելբուռնում օլիմպիական չեմպիոն դարձա, թվում էր աշխարհում էլ ոչինչ չկա անելու, ես անսահման երջանիկ էի, քանի որ նվաճել էի սպորտային ամենակարեւոր տիտղոսը, որը տրվում է ցմահ:

Սպորտում շատ քիչ է լինում, որ հայր ու որդի կարողանանան օլիմպիական չեմպիոններ դառնալ, իսկ մարմնամարզությունում, եթե չեմ սխալում, մեր ընտանիքից բացի ոչ մեկին չի հաջողվել:

Սպորտն ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ համար է: Աղջիկները պետք է զբաղվեն սպորտով, որպեսզի առողջ լինեն:

Կանայք անպայման պետք են սպորտին: Նրանց դերն ու ներդրումը սպորտում աննկարագրելի է: Առանց կանանց սպորտը գոյություն ունենալ չի կարող:

Մարզադպրոցն իմ կյանքի մասն է: Եթե հանկարծ մի օր դպրոց չմտնեմ, կարող է ես չլինեմ:

Պետք է անչափ սիրել կատարած գործն ու նվիրված լինել դրան, ու ամեն ինչ լավ կլինի:

Երբ երեխաների հետ ես գործ ունենում, դա կյանքի ամենամեծ գնահատականն է: 

Ես շատ հայրենասեր եմ, սիրում եմ իմ հայրենիքը: 

Դժգոհ եմ լինում, երբ ինչ-որ մեկը լքում կամ բացակայում է Հայաստանից: Ուզում եմ այնքան լավ լինեն բոլորը, մասնավորապես, մարզիկները, որ հայրենիքը լքելու ճանապարհը չբռնեն:

Ժամանակը ցույց է տալիս, որ մենք Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների մեջ չենք, լարված են այդ հարաբերությունները: Չարժի այդ երկրում անցկացվող մրցումներին մասնակցել, մեր երիտասարդ մարզիկներին տանել:

Երբ հանդիպում ես այդ մեկին, արդեն գիտակցաբար քայլերը տանում են քեզ դեպի ամուսնություն, երկար ամուսնական կյանք։ Երբեք չես մտածում, իսկ եթե նրա հետ չկարողանա՞ս ապրել... Այդ գիտակցումը, որ նա է քո կյանքի ուղեկիցը, գալիս է ինքնաբերաբար, առանց որեւէ հիմքերի։

Փոխադարձ վստահության մեջ է ընտանիքի ամրության գաղտնիքը։ Այսքան տարի միասին ենք, ես իրեն եմ վստահել եւ հավատացել, ինքը՝ ինձ։ Երբեք անվստահություն մեր միջեւ չի եղել։

Կուզենայի, որ բոլոր հայ ընտանիքներում էլ տիրեր համերաշխությունը, ինչպես իմ ընտանիքում է եղել, գերիշխեր սերը եւ փոխզիջումը։

Երբ կինը եւս զբաղվում է նույն մասնագիտությամբ, ինչ տղամարդը, դա մեծ առավելություն է։ Ես համամիմ չեմ այն կարծիքի հետ, որ նույն ոլորտի մարդիկ չեն կարող ունենալ համատեղ կյանք: Կյանքը ցույց տվեց, որ ես եւ կինս՝ լինելով նույն ոլորտից, ավելի դյուրին կապվեցինք եւ ապրեցինք մեր համատեղ կյանքը։

Ամուսնությունը կյանքի ամենալուրջ քայլն է, դրանից առաջ պետք է լավ մտածել։

Ամուսնալուծություններին շատ վատ եմ վերաբերվում: Չեմ ընդունում այն զույգերին, որոնք առանց երկար մտածելու ամուսնանում են եւ քիչ ժամանակ անց բաժանվում։ Դրանք հաշվարկով ամուսնություններն են։

Բարդ է  ինձ համար ինքս ինձ նկարագրելը։ Բնական է, որ սկզբնական փուլում այլ ես լինում, փորձում ես ինքնահաստատվել, ապա տարիների ընթացքում փոխվում ես, կնոջդ հետ դառնում ես մեկ անձ։ 

Ես ինձ համարում եմ ամենաբախտավոր եւ երջանիկ մարդը։ Ունենալ 4 երեխա, 7 թոռ, 4 ծոռ եւ չտեսնված կին, ինչպես երջանիկ չես համարի քեզ։

Իմ երջանկության բանաձեւն այն է, որ ես ու կինս կյանքին նայել ենք մեկ դիտակետից եւ մեկ ուղղությամբ։

Ես իմ կնոջը հաճախ չեմ ասում՝ «սիրում եմ քեզ»: Ես նրան սրտով եմ սիրում, ոչ թե ասելով: Էլ ինչպե՞ս ասեմ՝ ես քեզ սիրում եմ, եթե սիրում եմ:

Ամբողջ կյանքս կապրեի այնպես, ինչպես ապրել եմ, նորից կլինեի սպորտում:

Հայ մարմնամարզիկների հաջողություններն իմ կարգապահ աշխատողների՝ մարզիչների, ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանի շնորհիվ է: Նրանք ջանասիրաբար աշխատում են յուրաքանչյուր մրցաշարից առաջ ու նրանց տանջանքն արդյունք է տալիս:

Լավ ես զգում, երբ բացում ես արձանդ: Ինձ շատ դուր եկավ արձանը եւ տարածքը, որտեղ տեղադրվել է:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Нет описания фото.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում