22:11  ,  27 հունիսի, 2023

Լեւոն Վարդանյանը վերադարձավ «Փյունիկ»

«Փյունիկի» սան Լևոն Վարդանյանը վերադարձել է թիմ «Նոայում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո։

Լևոնը Վարդանյանը ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Փյունիկի» մարզադպրոցում, նորամուտը գլխավոր թիմում նշել է 2019թ․ նոյեմբերի 25-ին՝ «Երևանի» հետ Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում:

«Լևոնի մեջ տեսնում եմ լուրջ մոտեցում, աշխատասիրություն և նպատակասլացություն: «Նոայում» նրա մոտ լավ էր ստացվում պայքարի մեջ մնալ հիմնական կազմում տեղի համար: Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս մրցակցության մեջ իրեն ինչպես կդրսևորի։ Հուսով եմ՝ կարդարացնի մեր սպասելիքները»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

2022/23 մրցաշրջանը 19-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայում»՝ 34 խաղում դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Վարդանյանը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 60 հանդիպում երկրի գլխավոր առաջնություններում։ 2022-ին նա «Փյունիկի» հետ նվաճել է նաև Հայաստանի առաջնության տիտղոսը։

«Ուրախ եմ հարազատ ակումբ վերադառնալու առթիվ։ Իմ և «Փյունիկի» առջև մեծ նպատակներ են դրված, կփորձեմ ուրախացնել ձեզ իմ գոլերով»,- նշեց Լևոն Վարդանյանը՝ դիմելով երկրպագուներին։

Լևոն Վարդանյանը հրավեր է ստացել նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականից ու մասնակցել 3 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում