16:00  ,  8 մայիսի, 2023

ԱԱ․ Նարեկ Մանասյանը երկրորդ հաղթանակը տարավ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։

92 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Մանասյանը մենամարտեց իրանցի Պուրիա Ամիրիի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով

Առաջին ռաունդում Եվրոպայի բրոնզե մեդալակրի հարվածները դիպում էին: Մի քանի անգամ իրանցի մրցակցի ատամնակապն ընկավ: Ռաունդի վերջում մրցակիցը նաեւ հոնքի վնասվածք ստացավ: Այս ռաունդում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Նարեկ Մանասյանին:

Երկրորդ ռաունդում եւս Նարեկ Մանասյանը ճնշում էր գործադրում մրցակցի նկատմամբ: Իրանցի բռնցքամարտիկը ոչ սպորտային վարք դրսեւորեց: Նարեկ Մանասյանը հրեց մրցակցին: Այս ռաունդում եւս միավորների առավելությունը Մանասյանինն էր:

Երրորդ ռաունդում Եվրոպայի բրոնզե մեդալակիրը պահպանեց ճնշումը մրցակցի նկատմամբ եւ հասավ հաղթանակի:

Նարեկ Մանասյանը 1/16 եզրափակիչում նոկդաուններով ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Մբանգի Մուկիենայի նկատմամբ:

Մայիսի 8-ին աշխարհի առաջնությունում մեկնարկային մենամարտն անցկացրեց Ռուսլան Ասլիկյանը:

54 կգ քաշային 1/16 եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամը 0:5 հաշվով պարտվեց Վենեսուելայի ներկայացուցիչ Սեգունդո Ֆինոլ Ռիվասին։

Երեկոյան մրցահերթում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կանցկացնի երկրորդ մենամարտը։ 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի թուրք Հական Կոչը։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին քառորդ եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը մենամարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանի հետ եւ հաղթել 5:0 հաշվով։

Հաղթանակներ են տարել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոններ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Գուրգեն Մադոյանը (67 կգ)։

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է չինացի Դանաբիեկե Բայկեվուզիին։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) 1/16 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է կուբացի Ալեխանդրո Կլարոյին։ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) 1/16 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։

Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին։ 1/8 եզրափակիում 1:4 հաշվով պարտվել է հորդանանցի Յուսեֆ Յաշաշին:

60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։

Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում