20:31  ,  3 մայիսի, 2023

Դավիթ Սիմոնյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ Դավիթ Սիմոնյանը տպավորիչ հաղթանակով ոսկե մեդալ նվաճեց Երեւանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

86 կգ քաշայինների եզրափակիչում Դավիթ Սիմոնյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսանոյի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:

Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը ցանկանում էր ժամանակից շուտ նոկաուտի ենթարկել մրցակցին: Երկու անգամ նոկդաուն արեց, մրցավարը հաշիվ բացեց: Այս ռաունդում մրցավարները հաղթանակը տվեցին Դավիթ Սիմոնյանին: Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մի փոքր պասիվ էր, բայց դիպուկ հարվածներով առավելության հասավ:

Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկն ավելացրեց ճնշումը եւ հաղթեց բացարձակ առավելությամբ 5:0 հաշվով:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիրներ էին դարձել Գոռ Ազիզյանը և Աղվան Ալեքսանյանը:

Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիրներ են դարձել  Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ),  Յուրա Բաբլումյանը,  Արման Միսկարյանը (71 կգ) , Արմեն Պողոսյանը (75կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (92 +կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում