19:34  ,  29 սեպտեմբերի, 2022

Վահան Բիչախչյան․ Հայ ազգը Կապառոսի պաշտոնավարման ժամանակ շատ ուրախ պահեր ապրեց

Հայ ազգը Խոակին Կապառոսի պաշտոնավարման ժամանակ շատ ուրախ պահեր ապրեց: Կարիերաս ազգային հավաքականում սկսվեց նրանով. նա ինձ առաջին անգամ հրավիրեց հավաքական:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լեհաստանից ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն տարածեց, ըստ որի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը. իսպանացի մասնագետը հեռացել է ազգային հավաքականից:

«Հայաստանի հավաքականում իմ ճանապարհը սկսվեց Խոակին Կապառոսով: Նա ինձ առաջին անգամ հրավիրեց ազգային հավաքական, ինչի համար շատ ուրախ եմ:

Հայ ազգը, երկրպագուները Խոակին Կապառոսի պաշտոնավարման ժամանակ շատ ուրախ պահեր ապրեցին: Դժվարին պահերին մենք հաղթեցինք Ազգերի Լիգայի C դիվիզիոնի մեր խմբում եւ նվաճեցինք B դիվիզիոնի ուղեգիր:

Սա իրոք պատմական պահ էր բոլորիս համար: Այդ շրջանը միանշանակ շատ լավ էր ազգային հավաքականի համար:

Ցանկանում եմ նրան մաղթել առողջություն եւ հաջողություն հետագա կարիերայում»,- ասաց Վահան Բիչախչյանը:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության մեջ հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝  9 խաղ:

Հայաստանի հավաքականն այս տարի Ազգերի լիգայի B լիգայի առաջին տուրում Իռլանդիայի հավաքականին 1:0 հաշվով հաղթելուց հետո 0:2 հաշվով պարտվել էր Շոտլանդիային, 0:3 հաշվով՝ Ուկրաինային, 1:4 հաշվով՝ Շոտլանդիային, 0:5 հաշվով՝ Ուկրաինային, 2:3 հաշվով` Իռլանդիային եւ նահանջել C լիգա։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով