Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը մրցահարթակ դուրս եկած Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Հայաստանի հավաքականի անդամը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս մասնակից Վարդան Մանուկյանի առաջին մասնակցությունը ԵԱ-ում անհաջող ստացվեց: Հայաստանի ներկայացուցիչը զրո ստացավ հրում վարժությունում եւ լքեց պայքարը:
Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունը սկսեց 168 կգ-ով, որը հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցմամբ՝ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 174 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 178 կգ, սակայն աշխարհի բրոնզե մեդալակիրը ձախողեց: Այս վարժությունում Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Վարդան Մանուկյանը պոկում վարժությունում հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ գլխավերեւում ֆիքսելով 160 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մոտեցմամբ ձախողեց 165 կգ-ը:
Հրում վարժությունը Կարապետյանը սկսեց 191 կգ-ով, որը մեծ դժվարությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզչական շտաբը պատվիրեց 196 կգ, բայց 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը չկարողացավ հրել: Հետնաբեմում 26-ամյա ծանրորդը բժիշկ Դավիթ Մոսինյանի օգնության կարիքն ունեցավ: Անդրանիկ Կարապետյանը վնասել էր ոտքը: Հայաստանի թիմի բժշկի միջամտությունից հետո Կարապետյանը գնաց երրորդ մոտեցման՝ 196 կգ-ին, բայց այստեղ էլ չհաջողեց. Հայաստանի հավաքականի անդամը ձախ ծնկի վնասվածք ստացավ:
Վարդան Մանուկյանը հրում վարժության համար պատվիրել էր 200 կգ, սակայն ձախողեց բոլոր երեք մոտեցումները:
89 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիան ներկայացնող Անտոնիո Պիացոլան երկամարտի 392 կգ արդյունքով (175+217): Իտալացի ծանրորդը 217 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանեց հրում վարժությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում