11:34  ,  1 ապրիլի, 2022

Մանվել Խնձրցյան․ ԵԱ-ում ամենաշատը ուրախացա թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակովս

Եվրոպայի առաջնությունում ամենատպավորիչը թուրք մրցակցի հետ գոտեմարտն էր։ Այն հաղթելուց ավելի ուրախացա, քան բրոնզե մեդալակիր դառնալիս։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի հավաքականի հետ վերադարձել է հայրենիք։

Մանվել Խնձրցյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։2 հաշվով հաղթել էր գերմանացի Նիկլաս Ստեչելին։

«Բուդապեշտի Եվրոպայի առաջնությունը կհիշեմ, քանի որ նորամուտս նշեցի մեծահասակների պայքարում։ Պայքարս արդյունք տվեց։

Բուդապեշտի Եվրոպայի առաջնությունն ինձ համար կառանձնանա նաեւ նրանով, որ հնարավորություն ունեցա նույն գորգի վրա գտնվել  լեգենդար մարզիկների հետ։

Սա իմ առաջին մեդալն էր մեծահասակներում։ Մրցելույթներս գնահատում եմ բավարար, բայց կարող էի նաեւ ավելին։ Ուրախ եմ, որ մեծահասակների պայքարում առաջին առաջնությունս մեդալով եղավ։

Կիսաեզրափակիչում սխալ մոտեցմամբ սկսեցի գոտեմարտը, որը տվեց իր բացասական արդյունքը։

Առաջին մեդալս է մեծահասակներում, բայց երբ նվաճեցի, այդքան շատ չուրախացա։ Սովորական զգացողություններ ունեի։ Բուդապեշտում ամենաշատը ուրախացա թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակովս։ Այսինքն՝ այս գոտեմարտը հաղթելիս ավելի ուրախացա, քան երբ բրոնզե մեդալը նվաճեցի։

Թուրք ըմբիշի նկատմամբ գոտեմարտս երբեք չեմ մոռանա։ Շատ տպավորիչ ստացվեց ինձ համար։ Առաջին 15 վայրկյանը պարտվում էի,բայց շատ հետաքրքիր, լարված պայքար ծավալվեց եւ նույնքան հետաքրքիր ավարտ ունեցավ։ Տպավորվել է բողոքարկումը, որը մենք հաղթեցինք։ Ընդհանուր՝ այդ գոտեմարտն ինձ շատ դուր եկավ։ Այս մրցումից այդ գոտեմարտն ինձ հետ կտանեմ»,- ասաց Մանվել Խնձրցյանը։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մարտի 28-30-ն անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը նվաճեց երեք մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում