19:20  ,  1 փետրվարի, 2022

Հայաստանի չեմպիոններն ու Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձը (ֆոտո, վիդեո)

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի ունեցավ ծանրամարտի կանանց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 34 ծանրորդուհի Երեւանից եւ մարզերից: Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները հայտնի դարձան 10 քաշային կարգերում:

45 կգ՝ Նատալիա Սարգսյան (երկամարտ՝ 84 կգ 38+46),

49 կգ՝ Գյուլնարա Տիգրանյան (118 կգ՝ 52+66),

55 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (160 կգ՝ 70+90),

59 կգ՝ Իզաբելա Յայլյան (185 կգ՝ 80+105),

64 կգ՝ Վալենտինա Մովսիսյան (163 կգ՝ 68+95),

71 կգ՝ Մարիամ Միքայելյան (190 կգ՝ 87+103),

76 կգ՝ Միլենա Խաչատրյան (175 կգ՝ 80+105),

81 կգ՝ Տաթեւ Հակոբյան (220 կգ՝ 98+122),

87 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան (216 կգ՝ 99+117),

+87 կգ՝ Ջուլիետա Ավանեսյան (202 կգ՝ 92+110):

Հայաստանի առաջնությունից վնասվածքների պատճառով ազատված էին Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լիանա Գյուրջյանը եւ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արփինե Դալալյանը:

Կանանց Հայաստանի առաջնությունը նշանավորվեց 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձով եւ չեմպիոնությամբ: 34-ամյա ծանրորդուհին 6 մոտեցումներից ձախողեց միայն հրում վարժության վերջին փորձը: Պոկում վարժությունը Խուրշուդյանը սկսեց 89 կգ-ով, որը հաջողությամբ բարձրացրեց, ապա փայլուն կատարեց նաեւ երկրորդ՝ 94 կգ եւ երրորդ 99 կգ-ոց մոտեցումները: Հրում վարժությունում հաջողությամբ առաջին փորձով բարձրացրեց 110 կգ-ոց ծանրաձողը, ապա հրեց նաեւ 117 կգ-ը: Երրորդ մոտեցման համար պատվիրված 122 կգոց ծանրաձողը ծանրորդուհուն չհաջողվեց հրել:

Ծանրամարտի կանանց Հայաստանի առաջնությանը հետեւում էին մեծ թվով երկրպագուներ: Մասնավորապես բուռն էր ընդունվում Հռիփսիմե Խուրշուդյանի յուրաքանչյուր մոտեցում: Ամեն մոտեցումից հետո ծանրորդուհուն մրցահարթակից ճանապարհում էի ծափերով:

Հայաստանի առաջնությանը մրցավարություն էր անում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Հայաստանի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները ստացան համապատասխանաբար 30 հազար, 20 հազար եւ 10 հազարական դրամ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս