14:30  ,  5 օգոստոսի, 2021

Նաիր Տիկնիզյան. Զգում եմ Հայաստանի հավաքականի երկրպագուների սերն ու աջակցությունը

Մոսկվայի ԲԿՄԱ-ից «Լոկոմոտիվ» տեղափոխված ռուսաստանցի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է Ռուսաստանի ազգային հավաքականում խաղալու ցանկության մասին: Ավելի վաղ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացողի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտարարել էր, որ նա վաղուց է ընտրություն կատարել Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների հարցում:

«Կյանքում ամեն բան փոխվում է: Ո՞վ կարող էր մեկ շաբաթ առաջ ասել, որ կտեղափոխվեմ «Լոկոմոտիվ»: Երբեք չգիտես, թե ինչ կլինի վաղը: Շնորհակալ եմ Հայաստանի հավաքականի երկրպագուներին, զգում եմ նրանց սերն ու աջակցությունը, դա տեսնում եմ Ինստագրամում, սակայն այսօր ես ցանկանում եմ պայքարել Ռուսաստանի հավաքականում տեղ ունենալու համար»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Նաիր Տիկնիզյանը 5 տարվա պայմանագիր էր կնքել մոսկովյան ակումբի հետ: «Լոկոմոտիվում» նա հանդես կգա 71 համարի մարզաշապիկով:

Հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի սան է, և 8 տարի նա անցկացրեց բանակայինների համակարգում: ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում նա մասնակցել է 43 խաղի ու դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում